четверг, 4 сентября 2014 г.

Առաջնորդի հուշարձանը

Գարուն, թիվ 4, 1967

ՄԱՆՅԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու

Տարիներ շարունակ քայլում ենք Վ. Ե. Լենինի անունը կրող հրապարակով, հիանում տուֆակերտ շենքերի վարդագույն երանգներով, ճարտարապետական անսամբլի համաչափությամբ, ազգային արվեստի ավանդների գեղեցիկ оգտագործմամբ։ Քայլում ենք, մի պահ կանգ առնում ու նայում հեռվում սպիտակին տվող վեհափառ Արարատին, որն ասես ձուլվում է հրապարակի կառույցներին, նայում Երևանը գրկող լազուր երկնքին և նրա հստակ ֆոնի վրա տեսնում ենք Առաջնորդի հուշարձանի ուրվագիծը. խիստ, ամփոփ, հստակ ու մատչելի։ Այդ ամենը մեզ համար վաղուց արդեն դարձել է սովորական, ամենօրյա։ Մենք չենք պատկերացնում մեր քաղաքն առանց այդ հուշարձանի, այնքան սերտորեն նա շաղկապվել է Երևան քաղաքի ընղհանուր կերպարի հետ։


Վ. Ի. Լենինի արձանը Երևանում, 1967թ.: Լուսանկարը՝ Պ. Պողոսյանի


Հուշարձանը բացվեց 1940 թվի նոյեմբերի 24-ին։ Այդպես է մտել նա Երևան քաղաքի տարեգրության մեջ, սակայն մտահղացումը սկիզբ էր առել հունվարյան ցրտաշունչ մի օր, 1924 թվի հունվարի 27-ին, երբ Առաջնորդի մահը ցնցել էր նաև հայ ժողովրդին։ Ողբերգական այդ օրերին, Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն, Ժողկոմխորհրդի և արհեստակցական խորհուրդների նախագահությունները, Երևանի քաղգործկոմը որոշեցին Երևանի ապագա կենտրոնական հրապարակը Վ. Ի. Լենինի անունով կոչել և այնտեղ կանգնեցնել Առաջնորդի հուշարձանը։ 1928 թվի նոյեմբերի 7-ին, նույն հրապարակում, դեռևս հնատիպ շենքերի հարևանությամբ, դրվեց հուշարձանի հիմնաքարը։ Անցան տարիներ։ 1939 թվի մայիսի 1-ին Երևանի քաղաքային թանգարանի շենքում բացվեց Վ. Ի. Լենինի հուշարձանի համամիութենական մրցանակաբաշխության ներկայացված նախագծերի ցուցահանդեսը (փակվեց հուլիսի 16-ին)։

Տասնինը նախագիծ, տասնինը մտահղացում, բայց այդպիսի մի խոշոր նախաձեռնություն չէր կարող սահմանափակվել միայն մասնակցող արվեստագետների հետաքրքրությունների շրջանակներով, և նախագծերի քննարկմանը մասնակից դարձավ ողջ հասարակայնությունը։ Հանրապետական մամուլը ընթերցողներին պարբերաբար ծանոթացնում էր հանձնաժողովի աշխատանքներին (նախագծերի նախնական քննարկումը տեղի ունեցավ մայիսի 12-ին), հրավիրում հասարակական քննարկում (տեղի ունեցավ մայիսի 13-ին) և տպագրում էր առանձին արվեստագետների ելույթները (Մ. Սարյան, Յու. Յարալով, Շ. Տալյան)։ Վերջապես հրապարակվեցին մրցանակաբաշխության արդյունքները։ Մրցանակաբաշխությունն անցկացնող հանձնաժողովը հուլիսի 8-ի և 9-ի նիստերում որոշեց առաջին մրցանակ ոչ ոքի չշնորհել։ Երկրորդ մրցանակ տրվեց «Լենինյան դրոշով» (քանդակագործ Արա Սարգսյան) և «Կարմիր աստղ» (քանդակագործ Վ. Թոփուրիձե, ճարտարապետներ՝ Ն. Պարեմուզյան և Լ. Վարդանով) ծածկանուններով նախագծերին։ Չորրորդ մրցանակը տրվեց Կիևի և Խարկովի ինժեներաշինարարական ինստիտուտի չորրորդ կուրսի ուսանողներ Ս. Տիտերենկոյին և Ա. Մակաևիչին («Կրեմլ» ծածկանունով), հինգերորդ մրցանակ՝ Է. Տիգրանյանին («Վ. Ի.» ծածկանունով)։ Երքաղխորհրդին հանձնարարվեց գնել «Բուրեվեստնիկ» և «Արևավառ Հայաստան» ծածկանուններով նախագծերը։ Ուշագրավ էր մի հանգամանք։ Պարգևատրվեցին մրցանակաբաշխության ամենաերիտասարդ մասնակիցները՝ Մոսկվայի մարզի Ալեքսինա գյուղի դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտ Լ. Շուլգինը և Ուկրաինական ՍՍՀ Նովո-Եկոնոմիչեսկոյե գյուղի դպրոցի յոթերորդ դասարանի աշակերտ Ա. Պոպովը։

Վ. Ի. Լենինի անունը կրող հրապարակը Երևանում, 1967թ.: Լուսանկարը՝ Պ. Պողոսյանի


Ներկայացված նախագծերից առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում քանդակագործ Արա Սարգսյանի նախագիծը՝ բազմաֆիգուր մի կոմպոզիցիա, որի մտահղացումը ելնում էր հեղափոխության հաղթանակի գաղափարից ու պսակվում այդ գործի ղեկավար ու կազմակերպիչ Վ. Ի. Լենինի արձանով։

1940 թվի նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ հուշարձանի բացումը։ Քանդակագործ Ս. Մերկուրովի և ճարտարապետներ Ն. Պարեմուզյանի ու Լ. Վարդանովի համատեղ գործունեությանը նվիրված հիացական ու դրվատանքի ջերմ խոսքերով մամուլում հանդես եկան ակադեմիկոս Հ. Օրբելին, ճարտարապետ Կ. Հալաբյանը, գրականագետ Գուկովսկին, գրողներ Դ. Դեմիրճյանը, Շ. Դադիանին և ուրիշներ։

Վ. Ի. Լենինի հուշարձանը Երևանում իր գեղարվեստական առանձնահատկություններով, ինչպես նաև կառուցման տեխնիկայի հետ կապված բարդությունների հաղթահարման առումով յուրատիպ էր մինչ այդ սովետական արվեստում ստեղծված մոնումենտալ հուշարձանների շարքում։

Ս. Մերկուրովի անունը ծանոթ էր երևանցիներին, որպես սովետական մոնումենտալ քանդակագործության լավագույն հուշարձաններից մեկի՝ Ստեփան Շահումյանին նվիրված հուշարձանի հեղինակի։ Վ. Ի. Լենինի կերպարի վրա աշխատելու երկար տարիների փորձը իր փայլուն արտահայտությունը գտավ Ս. Մերկուրովի այս աշխատանքում։ Զուսպ, հավաքված կոմպոզիզիա՝ ընդգծված ուրվագծով լուծված երկնքի և պուրակի ֆոնի վրա։ Սակայն Վ. Ի. Լենինի ֆիգուրի ներքին դինամիկան, նրա գեղարվեստական կերպարի նպատակասլացությունն ու էքսպրեսիայի շեշտադրումը կանխորոշված էր հուշարձանի ճարտարապետական կոմպլեքսի վարպետ մտահղացմամբ։ Ճարտարապետները նկատի էին առել ողջ հուշարձանի մասշտաբայնությունը, առանձին հատվածների համաչափությունը, նրա ռիթմը, պատվանդանի դինամիկ սլացքը, որը դիտողի հայացքը տանում էր դեպի հուշարձանը շեշտադրող Վ. Ի. Լենինի ֆիգուրը։

Պատվանդանի ողջ կոմպլեքսն ընդգրկում է տոնական օրերին օգտագործվող ամբիոնր և անմիջապես հուշարձանի պատվանդանը, որոնք պատրաստված են Փամբակի մոխրագույն, հղկված գրրանիտից։ Վ. Ի. Լենինի ֆիգուրը պատրաստված էր կարմիր պղնձի թիթեղներից՝ դրվագման տեխնիկայով և պատիրովկա արված պատվանդանի գրանիտին համահնչուն, մի փոքր արծաթավուն երանգով։ Ակադեմիկոս Հ. Օրբելին հատկապես ճիշտ էր համարում քանդակագործի մտահղացումը՝ Երևանում կանգնեցվելիք հուշարձանն անել կարմիր պղնձե թիթեղիկներից՝ դրվագման տեխնիկայով (առաջին անդամ Սովետական Միության մեջ), քանի որ Հայաստանը մետաղամշակման հինավուրց երկրներից է։ Նույն կարմիր պղնձի թիթեղների դրվագումով պետք է արվեին ամբիոնի վրա նախատեսված բարձրաքանդակները, որոնք պատկերելու էին «Հայ ժողովրդի ապստամբությունը դաշնակների դեմ», «11-րդ Կարմիր բանակի մուտքը Հայաստան», և հայ ժողովրդի արդի կյանքին նվիրված կոմպոզիցիաներով։ Ամբիոնի ետևի մասում ամրացված էին հատուկ հուշատախտակներ, որոնց վրա գրանցվելու էին մեր դարաշրջանի խոշորագույն դեպքերը։ Զարդաքանդակներում, որոնք պատրաստված էին Երևանի բազալտից, օգտագործված էին Զվարթնոցի զարդաքանդակների մոտիվները, իսկ քիվերի ու որմնախարիսխների համար՝ գոլովինյան լաբրոդորիտը (Ուկրաինական ՍՍՀ)։

Հուշարձանը իր գույնով, գտնված համամասնություններով, իր ողջ գեղարվեստական կերպարով օրգանապես կապվեց Լենինի հրապարակի ճարտարապետական կոմպլեքսի հետ։

Հուշարձանի բարձրությունը 19,5 մետր է։ Միայն արձանինը՝ 7,5 մետր։ Եթե նկատի ունենանք կառուցման հետ կապված դժվարություններն ու ժամանակի սղությունը (պատրաստվել է մոտ 8,5 ամսվա ընթացքում), ապա պարզ է դառնում, որ միայն քանդակագործի ու ճարտարապետների ստեղծագործական մտահղացումները բավական չէին այն իրականացնելու համար։ Վ. Ի. Լենինի հուշարձանի կառուցման շուրջն էին հավաքվել ժամանակի լավագույն քարտաշները, շարողները, հղկողները, քարի վրա փորագրողները, եկել էին ոչ միայն Երևանից, այլև Լենինականից, Կիրովականից, Նախիջևանից, Վրաստանից, Ուկրաինայից։ Հավաքվել էին տարբեր ազգությունների խանդավառ երիտասարդներ։ Եվ այդ երիտասարդական ոգևորությունն էր, որի կողքով անտարբեր չկարողացավ անցնել Դերենիկ Դեմիրճյանն, ու իր հիացմունքի բառերը, հասցեագրված կառուցողներին, արտահայտեց մամուլի էջերում։

Ամեն մի վարպետ իր ստեղծագործական մտքից մի մասնիկ է տվել հուշարձանին, որից նրա գեղարվեստական ողջ կերպարավորումը նոր փայլ է ստացել ու մնացել սերունդներին, որպես հայ ժողովրդի ստեղծագործ ձեռքերով պատրաստված հոյակապ մի կոթող նվիրված Առաջնորդին։

Комментариев нет:

Отправить комментарий