воскресенье, 5 октября 2014 г.

Հակոբ Ե Շամախեցի

Հակոբ Ե Շամախեցի (XVII դ. վերջ, Շամախի – 21.3.1763, Վաղարշապատ, ամփոփված է Էջմիածնի Ս. Գայանե եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1759-ից, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Աղեքսանդր Բ Բյուզանդացուն: Մանկությունից բնակվել և ուսանել է Էջմիածնի կաթողիկոսարանում` դառնալով Մայր աթոռի միաբանության նշանավոր անդամներից: Հայոց կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու բնորոշմամբ` «գիտուն և շնորհաշատ» վարդապետ, տիրապետել է տարբեր լեզուների:


1743-ից կազմել է Գավազանագիրք` շարադրելով կաթողիկոսարանի դեպքերը: 1747-ին այլոց հետ ենթարկվել է Ղազար Ա Ջահկեցու հալածանքներին: Մինաս Ա Ակներցի և Աղեքսանդր Բ Բյուզանդացի կաթողիկոսների օրոք եղել է նրանց փոխանորդը և հայրապետանոցի ընդհանուր հոգաբարձուն, իսկ 1755–59-ին` կաթողիկոսական տեղապահ: Կ.Պոլսում հրավիրված ժողովում (1759) ընտրվել է կաթողիկոս, օծվել` Էջմիածնում: Հակոբ Ե Շամախեցին ծավալել է շինարարական մեծ գործունեություն, նորոգել է Երևանի տարածքի մեջ մտնող Ձորագյուղի անապատը` դարձնելով «տուն հայրապետանիստ», կարգավորել Էջմիածնի վանքապատկան կալվածագրերը:

Պարսիկ խաների և կովկասյան լեռնականների իրար հաջորդող ասպատակություններին վերջ տալու և Արլ. Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու նպատակով կապեր է պահպանել ժամանակի նշանավոր գործիչների հետ: 1760-ի գարնանը Վաղարշապատում զրույցներ է ունեցել հայ ազատագրական շարժման գործիչ Հովսեփ Էմինի հետ, նամակներ գրել Վրաց Թեյմուրազ II և Հերակլ II թագավորներին: Կոնդակ է հղել (20.7.1760) Ռուսաց կայսրուհի Ելիզավետա Պետրովնային` խնդրելով օգնել հայ և վրաց ժողովուրդներին` ազատագրվելու պարսկական լծից: Կաթողիկոսական գահին Հակոբ Ե Շամախեցուն հաջորդել է Սիմեոն Ա Երևանցին:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий