четверг, 9 октября 2014 г.

Հակոբ Նալյան Զիմարացի

Հակոբ Նալյան, Զիմարացի, Զմմարացի (1706, Զիմարա – 1764, Կ. Պոլիս), Կ. Պոլսի հայոց պատրիարք (1741–49, 1752–64), Երուսաղեմի հայոց պատրիարք (1749–52), մատենագիր, մեկնիչ: Ուսանել է Կ. Պոլսի Սկյուտար թաղամասի դպրատանը` աշակերտելով Կ. Պոլսի հայոց պատրիարք Հովհաննես Կոլոտ Բաղիշեցուն (1678–1741): 1728/29-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1734-ին ստացել ծայրագույն վարդապետ. աստիճան և «աստվածաբան» կոչումը, նշանակվել Երուսաղեմի հայոց պատրի արքության միաբան, 1740-ին` Երուսաղեմի պատրիարքության փոխանորդ:


Հիմնադրել է Կ. Պոլսի Գումգափու թաղի Մայր դպրատունը և դասավանդել այնտեղ: Պայքարելով Կաթոլիկ եկեղեցու ազդեցության դեմ` ձգտել է հայությանը համախմբել Հայ եկեղեցու շուրջ: Հակոբ Նալյանը թողել է մատենագրական հարուստ ժառանգություն: Աշխատություններն ունեն աստվածաբանական, դավանաբանական բնույթ: Մեկնողական բնույթի երկերից են` «Մեկնութիւն Հայր մերի» (Մատենադարան, ձեռ. դ 8128), «Մեկնութիւն Յեսուայ որդւոյ Սիրաքայ» (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. դ 106), «Մեկնութիւն բարոյական փիլիսոփայութեան» (Մատենադարան, ձեռ. դդ 1014, 1015, 1016, 4863, 9782) ևն:

Հակոբ Նալյանի երկերից 15-ը անտիպ են, 9-ը` տպագրված, որոնցից ութը` իր կենդանության օրոք: Մեծ արժեք ունեն Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը և ներբողներին նվիրված լուծմունքը («Գիրք մեկնութեան աղօթից Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ», հ. 1–2, 1745), որտեղ փորձ է արված բանասիրական, աղբյուրագիտական և աստվածաբանական առումներով քննել Գրիգոր Նարեկացու գրական ժառանգությունը: Հակոբ Նալյանի առաջաբանով առաջին անգամ հրատարակվել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»-ը («Գիրք ընդդիմութեանց», 1762):

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий