среда, 29 октября 2014 г.

Ղուկաս Լոռեցի

Ղուկաս Լոռեցի, Ղուկաս Հաղպատեցի (XV դ. 80-ական թթ., Հաղպատ – 1561, Արցախ), մատենագիր, մանկավարժ, գրիչ: Դասավանդել է Էջմիածնի (1513–41), ապա Սանահինի դպրոցներում: Ղ. Լ-ու մոտ ուսանելու և վարդապետ. աստիճան ստանալու են եկել Հայաստանի գրեթե բոլոր վայրերից՝ Վանից, Գողթնից, Արցախից, Լիմից, Քաջբերունիքից:


Ձեռագրերում հիշատակվում է «տիեզերալույս վարդապետ», «մեծ րաբունի», «քաջ գրամատիկոս, ուղղափառության վարդապետ» և այլ անվանումներով: Ղ. Լ-ու երկասիրություններից ցայժմ հայտնի է միայն նրա աշակերտներ Հովհաննես Ծարեցու և Թորոս վարդապետի խնդրանքով 1540–50-ական թթ. Էջմիածնում գրված «Քարոզգիրքը»: 40 քարոզներից բաղկացած, ստվարածավալ աշխատությունը հեղինակի ինքնագրով պահպանվում է Մատենադարանում (ձեռ. դ 4355): Ղ. Լ-ու քարոզներն ունեցել են մեծ ճանաչում, բազմաթիվ ընդօրինակություններով պահպանվել ավելի քան 50 ձեռագրերում: Քարոզներն սկսվում են աստվածաշնչյան բնաբաններով: Դրանք ունեն մեկնողական, կրոնախրատ. բնույթ, գրված են միջին հայերենով, պարզ, մատչելի ոճով: Քարոզները տոգորված են հայրենասիր., ազգային միաբանության, համերաշխության գաղափարներով:

«Քարոզգիրքը» հարուստ շտեմարան է երկրի ներքին կյանքի ուսումնասիրման համար: Այնտեղ շոշափված են սոցիալտնտ., առևտրավաշխառուական, դատ ու դատաստանին, հոգևորականությանը, գյուղացիությանը, քաղաքային կյանքին վերաբերող բազմապիսի հարցեր: Օգտագործելով աստվածաշնչյան պատումները՝ քարոզիչը խորհուրդներ, հոգեշահ խրատներ է տվել, հորդորել մարդկանց չհուսալքվել, պահպանել հավատը, ազատության ոգին: Իր խոսքն առավել դյուրըմբռնելի և պատկերավոր դարձնելու համար Ղ. Լ. քարոզներին միահյուսել է առակներ, ասացվածքներ, թևավոր խոսքեր, ժողովրդ. բառ ու բան, նաև գրավոր և բանավոր աղբյուրներից քաղած 24 զրույց:

«Քարոզգիրքը» ունի պատմագր., աղբյուրագիտ. սկզբնաղբյուրի արժեք և իր ուրույն տեղը XVI դ. լուսաբանող գրականության մեջ: Ըստ հիշատակարանային տեղեկությունների, 1517-ին Էջմիածնում Ղ. Լ. գրել է նաև Դավթի սաղմոսների մեկնությունը և նվիրել Լիմ անապատի միաբանությանը: Հեղինակել է նաև դավանաբան. բնույթի վեց գլխից բաղկացած մեկնություն, կատարել ընդօրինակություններ: 1560-ի Հայսմավուրքի մի ընդօրինակության պատվիրատուն և ստացողն է: Հայսմավուրքը գրվել է Այրարատում և ավարտվել Արցախում, 1561-ին:
Էլեոնորա Հարությունյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий