вторник, 21 октября 2014 г.

Հաղպատի ավետարան

«Հաղպատի ավետարան», «Գետաշենի Ավետարան», հայ միջնադարյան մագաղաթե ձեռագիր (Մատենադարան, ձեռ. դ 6288): Ընդօրինակել է գրիչ Հակոբը` Սահակ Անեցու պատվերով, 1211-ին, Հաղպատում: Նույն թվականին Անիի Բեխենց վանքում պատկերազարդել է Մարգարե ծաղկողը, կազմել է Աբրահամ կազմողը` Հոռոմոսի վանքում: «Հաղպատի ավետարանը» ընծայաբերվել է Անիի մերձակա Արջո առիճի վանքի` Սահակի տոհմի կառուցած եկեղեցուն:

1223-ին Ավետարանը գնել է արցախեցի Սարգիսը և նվիրաբերել իր հայրենի գավառի Մեծկողմանաց եպիսկոպոսարանին: Ձեռագիրը շուրջ ութ դար պահվել է Արցախում, մի քանի անգամ նորոգվել ու կազմվել: XX դ. սկզբին պահվել է Գետաշեն գյուղում, որտեղից 1920-ական թթ. Էջմիածնի մատենադարան է բերել Գարեգին Հովսեփյանը (1943–52-ին` կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Հովսեփյան) և, ուսումնասիրելով, դրել գիտական շրջանառության մեջ:


«Հաղպատի ավետարան»-ը (30x20 սմ) գրված է երկաթագրով, ունի խորաններ, անվանաթերթեր, մեկ տերունական և մեկ ընծայական պատկեր, լուսանցազարդեր: Ձեռագիրը նշանավոր է հատկապես մանրանկարներով, որոնք Անիի մանրանկարչության դպրոցի ցայժմ հայտնի եզակի նմուշներից են: Ծաղկող Մարգարե աբեղան նոր մոտեցում է ցուցաբերել` Ավետարանի պատկերազարդման մեջ ներմուծելով Անիի աշխարհիկ արվեստի տարրեր: Խորանների լուսանցամասերում պատկերել է իր ժամանակակիցների` իրական անեցիների դիմանկարներ, որոնցից են Բեխենց վանքի վանահայր Եղբայրիկը, Աբրահամ կազմարարը, երիտասարդ Շերանիկը և ուր.:

«Մուտք Երուսաղեմ» տերունական պատկերում Քրիստոսին դիմավորող քաղաքացիների շարքում պատկերել է Սահակ Անեցու ընտանիքի անդամներին. հորը` քաղաքի մուտքի մոտ, մորը` շինության պատուհանում, երկու քույրերին` նույն շենքի պատշգամբում, և ընտանիքի երեք արու զավակներին` ծառերի վրա: Նրանք բոլորը կրում են քաղաքային տարազ և թե չափով, թե պատկերման սկզբունքներով տարբերվում նույն մանրանկարի ավետարան. կերպարներից: Ուշագրավ է նաև ընծայական մանրանկարը, որտեղ Սահակն ու իր եղբայր Առաքելը պատկերված են Քրիստոսի երկու կողմերում կանգնած: «Հաղպատի ավետարան»-ի մանրանկարները, ներկայացնելով հայ միջնադարյան մանրանկարչության մի ինքնատիպ ճյուղը, ունեն առանձնահատուկ արժեք:

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий