среда, 19 ноября 2014 г.

Մարտեր Մարտակերտում. Օգոստոս 1992թ.

1992թ. օգոստոսը հագեցած էր ակտիվ ռազմական գործողություններով. Ադրբեջանը բոլոր հնարավոր ուղղություններով գրոհում էր թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, թե Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը: Օգոստոսի 6-ին հակառակորդը շարունակում է հարձակումը Մարտակերտի ուղղությամբ. մեծաքանակ զրահատեխնիկայի և օդուժի օգնությամբ նա կարողանում է առաջանալ և գրավել Հակոբ Կամարի գյուրը, ամրանալ Մարտակերտ քաղաքի շրջակա բարձունքներում:

8 օգոստոսի, 1992թ., Երկիր օրաթերթ

Ուշ գիշերին հայտնի դարձավ, որ թշնամին, ունենալով գերակշիռ թվով ռազմական տեխնիկա և կենդանի ուժ, շարունակելով հարձակումը, հասել է մինչև Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղը: Տվյալ պահին գյուղը չեզոք գոտում է: Երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ:
ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ոչնչացրել են ադրբեջանական բանակի երեք տանկ և երկու ուղղաթիռ: Շարունակվում է ԼՂՀ բնակավայրերի հրետակոծումը:

Օգոստոսի 9-ին և 10-ին Մարտունի քաղաքի և շրջակա բնակավայրերի հրետակոծումը զգալի ավերածությունների պատճառ է դառնում. վիրավորվում է մեկ բնակիչ: Աղդամի և Ֆիզուլու ադրբեջանական կրակակետերից հրետակոծվում են Մարտունու շրջանի Ավդուռ և Հադրութի շրջանի Դուդուկչի գյուղերը: Հակառակորդն արձակում է շուրջ 200 հրթիռ և արկ: Զոհվում է երկու հայ:

Օգոստոսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արցախ» թերթը հարցազրույց է տպագրում Ճարտար գյուղի մոտ գերեվարված ադրբեջանական բանակի զինծառայող Վահիդ Կուլիևի հետ: Նա թալիշ էր, սակայն փաստաթղթում ազգությունը նշված էր ադրբեջանցի:

Ռազմաճակատ են ուղարկել հարսանիքից երկու ամիս անց: Ըստ նրա հայտնած տեղեկությունների, ադրբեջանական բանակում շարքայիններին հարձակման են քշում օմօնականները և նախագահական գվարդիայի ջոկատները: Փախուստի դիմելու կամ խուսափելու դեպքում նրանց տեղում գնդակահարում են: Կուլիևը հայտնել է նաև, որ զորակոչից խուսափելու դեպքում հաշվեհարդար են տեսնում զինակոչիկի ընտանիքի անդամների հետ: Զինակոչից խուսափելու համար զինկոմիսարիատը պահանջում է մինչև 100 հազար ռուբլի:

Մարտակերտի ռազմաճակատում ադրբեջանական հարձակումը նոր կորուստների պատճառ է դառնում. օգոստոսի 12-ին Քելբաջարի տարածքից ադրբեջանցիների ստորաբաժանումների հարվածը ճեղքում է հայկական ուժերի պաշտպանությունը և հակառակորդը գրավում է Մարտակերտի Գետավան, Չափար, Զարդախաչ, Հաթերք գյուղերը: Զուգահեռաբար, ադրբեջանցիները Մարտակերտի վրա գրոհում են արևելյան շրջանից` Մեծշեն, Մաղավուզ գյուղերի ուղղությամբ: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի մարտիկները համառ դիմադրություն են ցուցաբերում, երկու կողմից էլ կան մեծ թվով զոհեր և վիրավորներ:

13 օգոստոսի, 1992թ., Երկիր օրաթերթ

Մարտունու շրջանի սահմանային դիրքերում հարաբերական անդորր է: Փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանաբնակ Ամիրանլար գյուղի և Մարտունի քաղաքի ինքնապաշտպանության ուժերի միջև: «Գրադ» կայանքից հրթիռակոծվել է Նոր Շեն գյուղը: Օգոստոսի 11-ին Մյուրիշեն-Պառավաթումբ գյուղերի ճանապարհին գտնվել են մեկ օր առաջ այդ հատվածի հրետակոծությունից վիրավորված երկու ազատամարտիկների: Նրանցից մեկը ստացած վերքերից մահացել է, մյուսը` տեղափոխվել հիվանդանոց:

Комментариев нет:

Отправить комментарий