вторник, 11 ноября 2014 г.

Մակարավանք

Մակարավանք, ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան անտառապատ լանջին: Հնագույն եկեղեցին (X–XI դդ.) ունի ներքուստ խաչաձև (բավական խոր թևերով), արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք: Կառուցվել է կարմրավուն կիսամշակ տուֆի խոշոր քարերով (XIII դ. գմբեթը և ծածկը վերակառուցվել են նույն տուֆի սրբատաշ քարով): Եկեղեցու բեմի ճակատը հարդարված է բուս. և երկրաչափ. նուրբ զարդաքանդակներով:


1198-ին վանքի արլ. կողմում Մ-ի վանահայր Հովհաննես Ա-ն կառուցել է ներքուստ խաչաձև (եռաբսիդ, արմ. ուղղանկյուն թևով), արտաքուստ ութանիստ, կենտրոնագմբեթ Ս. Աստվածածին եկեղեցին: Լուսամուտների պսակներն ու խորշերի հովհարաձև մշակված կիսակոնաձև գագաթներն ընդգրկող գոտին զարդարված է թռչունների, առյուծների, վարդյակների, արծվի և վիշապի մենամարտ պատկերող հարթաքանդակներով: Եկեղեցուն հս-ից կից է փոքրիկ, թաղածածկ մատուռ: XII դ. վերջին կառուցվել է Մ-ի հյուրատունը: 1205-ին Բազազ իշխանի որդի Վարդանը կառուցել է Մ-ի գլխ. եկեղեցին՝ մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով, Ավագ խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով (հս-արմ. խորշը հետագայում վերակառուցվել է ավանդատան):

Ճակատները (արմ-ից բացի) մշակված են «հայկ. խորշերով»: Ճոխ զարդաձևերով արմ. շքամուտքի ճակտոնապատը բազմագույն քարերի շախմատաձև շարվածքով է: Եկեղեցու հվ. պատի լուսամուտի տակ՝ ճանկերում հորթ բռնած արծվի բարձրաքանդակն է, որն ուշագրավ է կատարման մեծ վարպետությամբ: Ինքնատիպ է Ավագ խորանի հարդարանքը. կիսաշրջանաձև պատը զարդարված է 13 գոգավոր խորշերով, բեմի ճակատի ողջ մակերեսը ծածկված է միջնադարյան հայ արվեստի գլուխգործոցների թվին դասվող, ութանկյուն աստղերի և ութանիստ բազմանկյունների մեջ ներառված հարթաքանդակներով՝ երիզված հյուսկեն զարդերով կիսագլանաձև լայն շրջանակով: Ութանկյուն աստղերում քանդակված են հուշկապարիկներ, կենդան. և բուս. չկրկնվող զարդամոտիվներ, աստվածաշնչյան թեմայով («Հովհանը կետի երախում») պատկերաքանդակ ևն: Իսկ ձկան քանդակները (գալարվող ձկներ) իրենց պլաստիկայով և կատարման իրապաշտ. ոճով նմանը չունեն հայկ. քանդակագործ. արվեստում: Աստղերից մեկի վրա կերտված է շին. գործիքները ձեռքին եկեղեցու ճարտարապետի (և, անշուշտ, քանդակագործի) դիմապատկերը և անունը՝ «Երիտասարդ»:

XIII դ. 1-ին քառորդում Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների տոհմից) Մ-ի հնագույն եկեղեցուն արմ-ից և գլխ. եկեղեցուն հս-ից կից կառուցել է քառակուսի հատակագծով քառասյուն, կենտրոնակազմ գավիթ: Արմ. շքամուտքի վրա կան հուշկապարիկի, առյուծի և ցուլի մենամարտ պատկերող դինամիկ բարձրաքանդակներ: Հարուստ է գավթի ներսի հարդարանքը՝ սյուները և որմնասյուները, կամարաղեղները, ութանկյուն երդիկը, առաստաղն ունեն բուս., երկրաչափ. ճոխ զարդաքանդակներ, իսկ կամարների հիմքերին և սյուների խոյակներին կան դրախտահավերի բարձրաքանդակներ: Գավթին և հնագույն եկեղեցուն հս-արլ-ից կից է այժմ ավերակ նշխարատունը (XIII դ.): Ըստ պատմիչ Կիրակոս Գանձակեցու, Հաթերքի Վախթանգ իշխանի կին Արզուխաթունը XIII դ. ասեղնագործ նրբահյուս վարագույրներ է նվիրել Դադիվանքին, Հաղպատի վանքին, Գտչավանքին և Մ-ին:

XIII դ. Մ. ստացել է բազմաթիվ նվիրատվություններ (այգիներ, դրամ, զարդեր, ձեռագրեր, խաչեր ևն): Մ-ի հվ. կողմում հյուրատան ավերակներն են, արմ. կողմում՝ խցերի և տնտ. շենքերի հիմնապատեր, վանքի կամարակապ դարպասը, պարսպից դուրս դեպի հս-արլ.՝ աղբյուրի շենքը, դեպի հվ-արմ. և արմ՝. 2 գերեզմանոց: 1970–80-ական թթ. համալիրը նորոգվել է: Մ. իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու, Բղենո Նորավանքի, Գանձասարի վանքի շարքին և կարևոր տեղ գրավում հայ արվեստում:

Մուրադ Հասրաթյան
Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Комментариев нет:

Отправить комментарий