понедельник, 22 декабря 2014 г.

58 տարի անց. սպորտային մեկնաբաններից դժգոհությունը շարունակվում է

Ֆուտբոլային գրեթե յուրաքանչյուր հանդիպումից հետո ֆեյսբուքը հեղեղվում է հաղորդավարների հասցեին արվող քննադատությամբ: Ոմանք դժգոհում են խոսքի արագությունից, ոմանք՝ համեմատություններից, ոմանք՝ ստացված կամ չստացված հումորից, իսկ ոմանք էլ դժգոհ են, քանի որ ֆեյսբուքում պետք է դժգոհ լինել:



Ուշագրավ է, որ հեռուստա և ռադիոմեկնաբաններից հայ մարզասերների դժգոհությունը հին պատմություն է: Երբ չկար հեռուստացույցը, մարդիկ դժգոհում էին ռադիոմեկնաբաններից: Եվ քանի որ ֆեյսբուք նույնպես չկար, դժգոհությունը մեկնաբանների աշխատանքից տեղ էր գտնում մամուլում: Այո՛, այո՛, խորհրդային մամուլում հայտնվում էին նաև քննադատական հոդվածներ. թե ինչու և ինչպես՝ դա արդեն ուրիշ պատմություն է:


«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» մարզաթերթի 1956թ. հուլիսի 4-ի (թիվ 3) համարում խստորեն  քննադատում էին ֆուտբոլային խաղերի ռադիոմեկնաբանների ոչ պրոֆեսիոնալիզմը: Թե որքանով էր հիմնավորված այդ քննադատությունը, ընթերցողը թող ինքը որոշի: Եվ այսպես…

«Ներկայումս ֆուտբոլային խաղերի ռեպորտաժ վարողների դիտողական և ռեպորտաժային տեխնիկայի փոխադարձ զուգակցումը լրջորեն կաղում է, որի պատճառով շատ հաճախ ռադիոունկնդիրը չի կարողանում ժամանակին սպառիչ և ստույգ պատկերացում ստանալ խաղադաշտում տեղի ունեցող սպորտային պայքարի մասին»:

Եվ ներկայացվում է համապատասխան օրինակը.
«Հունիսի 20: Ունկնդրում ենք Տաշքենտի «Պախտակոր» և Երևանի «Սպարտակ» ֆուտբոլային թիմերի հանդիպումը: Ռեպորտաժը նոր է սկսված, և դիկտոր Ջ. Հակոբյանը հանգիստ, մեկ առ մեկ թվում է մրցող թիմերի կազմերը: Հանկարծ… բարձրախոսի միջից լսվում են աղմուկ, բացականչություններ, ծափահարություններ: Քիչ անց կարծես արդարանալով ռեսպուբլիկայի տասնյակ-հազարավոր ռադիոունկնդիր ֆուտբոլասերների առաջ, դիկտորը շտապում է հայտարարել, որ …հենց նոր, երևանցիները «Պախտակոր» թիմի դարպասով անցկացրին առաջին գնդակը…»:

Այնուհետև թերթը գրում է. «…Ի՞նչ կարող է կռահել ռադիոունկնդիրը, երբ դիկտորը հուլիսի 1-ին Աշխաբադի «Կոլխոզչի» և Երևանի «Սպարտակ» թիմերի խաղի ռեպորտաժը վարելիս հաճախակի բացականչում էր. «Այնտե՛ղ… ա՛յս կողմը… այն կողմ… այժմ գնդակը գտնվում է Սեդովի մոտ (՞)… այնտե՛ղ Զոլոտարյովը կարողանում է հարվածել գնդակին…»:

«…Ի՞նչ է հնարավոր, օրինակ, պատկերացնել դիկտոր Վ. Անդրեասյանի կողմից հաճախակի կրկնվող՝ «…Աբրահամյանը – Քեհեյանին, Քեհեյանը – Քարաջյանին, Քարաջյանը նորից Քեհեյանին, Քեհեյանը – Աբրահամյանին…» շուտասելուկներից, երբ ռադիոունկնդիրներին չի ասվում, թե այս բոլորը դաշտի որ մասում է տեղի ունենում»,– շարունակում է հոդվածագիրը:

Ինչպես հիմա, այնպես էլ անցյալում հաղորդավարները հաճախ էին օգտագործում արտահայտություններ, որոնց իմաստը թե անհասկանալի էր, թե, երբեմն, զավեշտալի: Ահա դրանցից մի քանիսը. «Գլխով մտածեց պահել», «դատավորը նկատեց տուգանային հարվածի հնարավորությունը», «Գնդակը ուղիղ… տուգանային հրապարակի կենտրոնը… վերադարձվում է», «Դարպասապահ Բայրամովը վարպետությամբ գնդակը տանում է հարվածելու…», «Աբրահամյանը խառնվեց գնդակի հետ», «… գնդակը կախվում է ուղիղ դարպասի վրա՝ վերից-վար…», «երկուստեք վիճաբանություն գնդակի համար» և այլն:

Վերջում հոդվածի հեղինակ, ռադիոունկնդիր Ծ. Համբարձումյանը կոչ էր անում ՀՍՍՌ Կուլտուրայի Մինիստրության ռադիոինֆորմացիայի գլխավոր վարչությանը «ամենամոտ ապագայում լուրջ միջոցառումներ ձեռնարկել ֆուտբոլային խաղերի ռեպորտաժների վիճակը բարելավելու» համար:

Комментариев нет:

Отправить комментарий