вторник, 23 декабря 2014 г.

Հաքերները թռցրել են Ջեյմս Բոնդի սցենարը

Sony ընկերությունը սպառնում է դատի տալ Twitter-ին՝ էլեկտրոնային փոստի հասցեները տարածելու համար



Sony Picture Entertainment ընկերությունը սպառնում է դատի տալ Twitter-ին, եթե վերջինս չարգելափակի հաքերային հարձակման ընթացքում հրապարակված տվյալների վրա հղումներ տեղադրող օգտատերերին: Ընկերության իրավաբանը (David Boies) նամակ է հղել սոցիալական ցանցի ղեկավարությանը՝ պահանջելով արգելափակել այդ տեղեկությունները տարածողներին: Հիշատակված է նրանցից մեկի՝ Վալ Բրուքսմիթի հասցեն, ով տարածում էր «կոտրված» փոստային հասցեների էլեկտրոնային պատկերները (screenshot):


Sony-ի իրավաբանը նշում էր, որ Twitter-ը հետագայում ևս պետք է բավարարի «անցանկալի» օգտատերերին արգելափակելու իրենց պահանջը, հակառակ դեպքում SPE-ն ստիպված կլինի պատճառված վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան:
Sony-ն դիմել է նաև ամերիկյան լրատվական որոշ գործակալությունների՝ կոչ անելով ձեռնպահ մնալ կիբերհարձակման պատճառով համացանցում հայտնված տեղեկությունները տարածելուց:

Նշենք, որ ԱՄՆ-ն մեղադրում է Հյուսիսային Կորեային Sony ընկերության համակարգիչների վրա հաքերային հարձակում կազմակերպելու համար, ինչը Հս. Կորեան հերքում է: Հարձակման հետևանքով ցանցահենները կորզել են հանրահայտ Ջեյմս Բոնդ ֆիլմի հերթական սերիայի սցենարը, որոշ դեռևս չներկայացված ֆիլմեր, պրոդյուսերների և Հոլիվուդի մասնագետների անձնական նամակագրություն, ինչպես նաև ֆինանսական տեղեկություններ: Այս միջադեպի պատճառով Sony-ին հետաձգել է The Interview ֆիլմի շնորհանդեսը, որը նախատեսված էր Ծննդյան տոներին: Ֆիլմը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության մասին է:

Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 23-ին, մի քանի ժամով անջատվեց Հյուսիսային Կորեայի առանց այդ էլ սահմանափակ համացանցային կապը: Մինչ այդ ԱՄՆ-ն հայտարարել էր, թե ի պատասխան կիբերհարձակման, դիմելու է համարժեք գործողությունների:

Комментариев нет:

Отправить комментарий