пятница, 17 июля 2015 г.

17.07.2015թ. Մեդիայի անդրադարձը սահմանադրական բարեփոխումների նախագծին

Անի Քեշիշյան | 15:04 | Հուլիս 17 2015 Խորագիր: Քաղաքականություն «Հանրապետության նախագահի ընտրությունը, ըստ ներկայացված նախագծի, ուղղակի «կլոունադա» է հիշեցնում». Ստեփան Սաֆարյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասին

Ինչպես հայտնի է, օրերս հրապարակվել է Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին:
Ըստ այդ նախագծի ՝ երկրի ղեկավարն ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ոչ կուսակցական թեկնածուներից։ Իսկ վարչապետն իր պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովին:
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ այս նոր սահմանադրությունը նպաստելու է մեր հետագա քաղաքական դաշտի բարելավմանը, ինչպես նաև որոշակի նպաստավոր պայմաններ են ստեղծվելու տնտեսության զարգացման համար, այն նպաստելու է նաև ժողովրդավարության հաստատմանը և զարգացման գործին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, սակայն, հայտարարեց, որ այն սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որը հրապարակվել է, իր մոտ մտահոգություններ է առաջացրել: Նա նշեց, որ գաղափարապես կողմնակից լինելով խորհրդարանական համակարգին՝ չափազանց մեծ էին իր սպասումները, սակայն այս նախագիծը, ըստ նրա՝ իսպառ սպանել է ընտրական ինստիտուտը: Նրա խոսքով՝ սա ուղղակի վերահսկելի ժողովրդավարություն հաստատելու փորձ է:
«Մյուս կուսակցությունները պարտավորված չեն կողմնորոշվել՝ առաջին, երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունների միջև, որովհետև այդ երկու կուսակցությունները կարող են բացարձակապես այլ ծրագրեր, գաղափարախոսություններ ունենալ: Ընդհանրապես անհասկանալի է՝ ի՞նչ է նշանակում՝ կայուն մեծամասնություն: Ժողովրդավարությունը սահմանվում է՝ որպես անորոշ ելքով մի գործընթաց, մինչդեռ այս սահմանադրական փոփոխությունները և այդ նորմն ասում է՝ «չէ, պետք է կանխորոշված լինի»:
Սա բացարձակ բռնի պարտադրանք է՝ քաղաքական վարքագիծ ցուցաբերելու: Սա ժողովրդավարություն չէ, սա նշանակում է՝ կանխորոշել ժողովրդավարական պրոցեսի ելքը»,- նկատեց Ս. Սաֆարյանը:
Նա կարծում է՝ հանրապետության նախագահի ընտրությունը, ըստ այդ նախագծի, ուղղակի «կլոունադա» է հիշեցնում՝ «ընտրիչներն ԱԺ-ի պատգամավորներն են, ՏԻՄ-երի ներկայացուցիչները», ինչը կրկին սպանում է ընտրական ինստիտուտը:
Լ. Ալեքսանյանը, ի պատասխան Ս. Սաֆարյանի դիտարկումների, հայտարարեց, որ սա քննարկման փուլում է, և ընդունվելու է յուրաքանչյուր առաջարկություն, որը հիմնավորված է:
Ս. Սաֆարյանի համար անհասկանալի է նաև խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, որին միայն կարող են մասնակցել առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած կուսակցությունները.
«Դուք գտնում եք, որ երկրորդ փուլում իրավիճակը կարող է փոխվել՝ կա՛մ առաջինի, կա՛մ երկրորդի օգտին, բայց կարող է այդ երկու կուսակցություններն այդ մի քանի օրվա ընթացքում մի այնպիսի թատրոն են ցույց տալիս, որ մյուսների շանսերն են մեծանում, ինչո՞ւ եք մյուսներին մասնակցելու հնարավորությունից զրկում, կամ ընդհանրապես այդ երկրորդ փուլի նպատակը ո՞րն է»:
ՀՀԿ-ական պատգամավորը պարզաբանեց, որ դա շատ ընդունված կարգ է, և դրա հիմնական հիմնավորումը նա է, որ եղած ընտրությունների արդյունքները շարունակական է դառնում.
«Այստեղ իմաստն այն է, որ խորհրդարանում պետք է լինի բացարձակ մեծամասնություն»: Նա նաև ընդգծեց, որ նախագահն ասել է՝ «ոչ մի բան դոգմա չէ, եթե կան լավ առաջարկներ, կընդունվեն»:
Ս. Սաֆարյանն էլ ասաց, որ ինքն անպայման ներկայացնելու է սահմանադրական բարեփոխումների հետ կապված իր առաջարկները: Նա նկատեց նաև, որ այս նախագծի մեջ կային բավականին հետաքրքիր գաղափարներ, սակայն այդ «լավի մասին խոսելու ցանկություն չի մնում», որովհետև ըստ նրա՝ շատ ֆունդամենտալ խնդիրներ չեն լուծվում այս սահմանադրությամբ.
«Նկատի ունենալով համընդհանուր անվստահությունն ընտրական համակարգի նկատմամբ՝ դուք պետք է ընտրական համակարգն այնքան վստահություն ներշնչող ձևով ներկայացնեիք այս նախագծում, որ այդ թեմաներն ընդհանրապես սպառվեին: Վարչապետի իմպիչմենտի գաղափար դրված է, նախարարների անհատական իմպիչմենտի գաղափարը դրված է, դրված է քննող հանձնաժողովի գաղափարը, շատ գաղափարներ են դրված, որոնք Մարդու իրավունքների իրացման և ներկայացման առումով՝ առաջաընթաց են անշուշտ, հետաքրքիր գաղափարներ կան, բայց դատական իշխանության անկախության խնդիրը լուծված չէ, այս կարգի ֆունդամենտալ խնդիրները եթե լուծվեն, մենք կխոսենք միայն լավ գործիքներն ավելի լավացնելու մասին»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Комментариев нет:

Отправить комментарий