четверг, 30 июля 2015 г.

Հակածխախոտային պայքար


Լրատվամիջոցներում հաճախ են գրում հակածխախոտային տարբեր միջոցառումների մասին, որոնք ֆինանսավորվում են թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան տարբեր կազմակերպությունների կողմից։ Գումար է ծախսվում, բուկլետ ու գրքույկ է տպագրվում, ծխից սևացած թոքերի սարսափելի նկարներ և այլն։ Բայց արդյո՞ք ձեռնարկված քայլերն արդյունավետ են։

 

Որպես ստաժավոր ծխող ասեմ, որ մարդուն պետք չէ բացատրել, թե ծխելուց ինչ հիվանդություններ են լինում. դա բոլորը գիտեն։ Եթե նույնիսկ հիվանդությունների անունները չգիտեն, ապա գոնե մոտավոր պատկերացում ունեն։ Հիմա պատկերացրեք՝ մարդը քայլում է փողոցում և հանկարծ նրան են մոտենում մի խումբ երիտասարդներ, ձեռքն են խոթում ինչ-որ թղթի կտոր, որտեղ պատկերված է ծխողից սևացած թոքերը, և ասում, որ ծխելը վնաս է։ Լավագույն դեպքում, նա մի հատ թերթում է այդ ահասարսուռ նկարները, ժպտում, հեռանում մի քանի քայլ, բուկլետը նետում մոտակա աղբամանը ու դարդից վառում հերթական գլանակը։ Այդպես է, որովհետև մարդն ունի ինչ-որ ներքին, անհասկանալի զգացողություն, որ ուրիշին պատահած դժբախտությունը կշրջանցի իրեն։ Արդյունքում՝ ծխողը ծխում է, իսկ բուկլետի, գրքույկի և գովազդային մյուս ապրանքների վրա ծախսված գումարը հայտնվում է աղբարկղում։ Հակածխախոտային պայքար իրականացնողներն էլ, իրենց ջանքերից (նաև՝ վաստակած գումարից) գոհ ու երջանիկ, գրում են ձեռքբերումների մասին պատմող հերթական ճոխ հաշվետվությունը։